ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ *** Table of Contents
Ազգագրական հանդեսը հայ ազգագրական առաջին պարբերականն է։ Այն հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։ «Ազգագրական հանդեսում» տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ-Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշները։ Հանդեսը նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։
Հանդեսի հիմնադիր խմբագիրն է եղել Երվանդ Լալայանը (1864-1931)։ Վերջինս, 1895-1897 թ.թ. դասավանդելով Շուշու թեմական դպրոցում, այստեղ է համախմբել ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճառյան, Լեո և այլն) և ձերռնամուխ է եղել «Ազգագրական հանդեսի» ստեղծմանը, որի առաջին համարը լույս է տեսել 1896 թ.՝ Շուշիում։